Քննիչին կաշառել էին, մեզ էլ ստիպեցին շան մսի գնով վաճառել մեր բնակարանները
- irakan lurer
- Mar 12, 2020
- 3 min read

Նախկին ԱԺ նախագահ, ապա վարչապետ Հովիկ Աբրահամյանից «քցված» քաղաքացիները 16 տարի շարունակ պայքարից հետո, իրենց բնորոշմամբ, «շան մսի գնով» վաճառել են Ամիրյան 4/4 հասցեում գտնվող իրենց բնակարանների տարածքը և հրաժարվել հետագա պայքարից։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Վաչագան Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ Աբրահամյանները «Նացիոնալ» հյուրանոցի տարածքը ժամանակին խլել էին ՀՀԿ-ական հանգուցյալ պատգամավոր Մելիք Գասպարյանից, ինչպես նաև տարածքից՝ Ամիրյան 4/4 հասցեից, դեռևս 2004 թվականին տեղահան էին արվել այդտեղի բնակիչները, և նրանց բնակարանների տեղում կառուցվել էր ներկայիս հյուրանոցը, որը սկզբում Հովիկ Աբրահամյանին չի պատկանել: Նա հյուրանոցին տիրացել է բավական ուշագրավ ճանապարհով: Հյուրանոցը սկզբում կառուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, հանգուցյալ Մելիք Գասպարյանը: Տարիներ անց՝ 2009 թվականի հոկտեմբերի 8-ին, տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ պատգամավորը Երևան-Չարենցավան ճանապարհին ավտովթարից զոհվեց, Աբրահամյանները պարզապես խլեցին շենքը Գասպարյանի ընտանիքից: Ընտանիքին մոտ կանգնած անձանցից մեկը մեզ պատմել էր, որ ժամանակին շենքի տերերը հայտնի եռյակն էր՝ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և տրանսպորտի ու կապի նախկին նախարար, Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Այնուհետև Մանուկյանը իր մասնաբաժինը վաճառել էր նրանց, ապա դուրս էր եկել նաև Ծառուկյանը, և շենքն ամբողջությամբ մնացել էր հայր և որդի Աբրահամյաններին: Նրանք էլ նախ կառուցեցին հյուրանոցը, կահավորեցին, իսկ շենքի այն հատվածը, որտեղ պետք է կառուցվեին բնակիչների բնակարանները, առ այսօր կիսակառույց վիճակում է։ Չկա ոչ մի կոմունիկացիա՝ ոչ վերելակ, ոչ գազ, ոչ ջուր, ոչ կոյուղի։ Ոչինչ։ Կառուցված են միայն պատերն ու աստիճանները։ Բնակիչների խոսքերով՝ Աբրահամյանը, ձգձգելով շենքի նորոգումը, բնակարանների հանձնումը, փորձում էր հասնել նրան, որ բնակիչներն էժան գնով վաճառեն իրենց տարածքները և հեռանան, իսկ դրանք կվերածվեին օֆիսային տարածքների՝ քաղաքի ամենաբանուկ փողոցում: Բնակիչները, պարզվեց, 16 տարի անց այդպես էլ վարվեցին։ Նրանցից ոմանք ավելի վաղ էին վաճառել այդ տարածքները և հեռացել, իսկ մնացածն էլ՝ վերջերս։ Անգամ հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործերը և դատական պրոցեսները չօգնեցին նրանց։ «Մենք ստիպված վաճառեցինք բնակարանի այդ տարածքը, որովհետև արդեն էլ տարբերակ չկար։ Հեղափոխությունից հետո քրեական գործ հարուցվեց, քանի ամիս գնացինք-եկանք, տարան-բերեցին, բայց ոչ մի բան էլ պարզ չդարձավ։ Ոնց հասկացանք՝ էդ քննիչն էլ փող էր վերցրել դրանցից ու մեզ անիմաստ տանում-բերում էր։ Դրանից հետո ուրիշ քննիչ նշանակվեց։ Գնացինք, հետաքրքրվեցինք, թե ուր է մեր գործով զբաղված նախկին քննիչը, և մեզ ասացին, որ քննիչը ձերբակալվել է գումար վերցնելու համար։ Դրանից հետո քննիչին փոխեցին, նա էլ ասաց, որ մեր գործերը դատարանում է, գնանք դատարան ու տեսնենք, թե ինչ կլինի։ Բայց մենք քանի տարի է՝ էդ դատարանների դռներն ենք։ Ես էլ ջղայնացա ու վաճառեցի տարածքը։ Մեկը եկավ ու ասաց, որ կգնի, ես էլ վաճառեցի, քանի որ այլևս առողջություն չունեի պայքարելու։ Գոնե էս քանի կոպեկով տղայիս համար մի փոքր բնակարան գնեցի, քանի որ այլևս հնարավոր չէր 10 հոգով նույն բնակարանում ապրել»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ միայն մի քանի ընտանիք են մնացել, որ դեռ չեն վաճառել, էն էլ նրանք էլ են գնորդ փնտրում։
Բնակիչն ասաց, որ ներկայումս ակտիվ շինարարություն է գնում այդ տարածքում։ «Հիմա անշարժ գույքի գները ահավոր բարձրացել են, գալիս են մեզանից շան մսի գնով Ամիրյանի վրա տարածք են գնում ու շինարարություն են անում։ Մեր պես հարիֆ, միամիտ մարդիկ էլ արանքում կորում են»,- ասաց մեր զրուցակիցը։
Վաչագան Թադևոսյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ներկայումս այդ տարածքները ում են պատկանում, չի էլ հետաքրքրում, քանի որ պարզվեց, որ անգամ Հայաստանում իրավիճակի փոփոխության պարագայում Հովիկ Աբրահամյանը կարողանում է եղանակ փոխել, իրավիճակ ստեղծել ու դրանից մաքուր դուրս գալ։
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը Ամիրյան փողոցում գտնվող իրենց հյուրանոցի 11-րդ հարկում 200 քառակուսի մետր մակերեսով առանձին բնակարան միայն տրամադրել էր Մելիք Գասպարյանի որդուն՝ 13-ամյա Մելիք Գասպարյանին։ Բացի բնակարանից, նրան, ըստ հաշտության համաձայնագրի, Աբրահամյանները պետք է վերադարձնեն նաև 245 հազար դոլար։
Comments