top of page
Search

Քաղաքապետարանին նվիրել են Կամազները՝ շինթույլտվության դիմաց. Դավիթ Խաժակյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 29, 2019
  • 1 min read

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Երևանին աղբատար մեքենաներ նվիրաբերած ընկերություններին:

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է նվիարտուների ցանկը: Ըստ այդմ՝ քաղաքին աղբատար մեքենաներ են նվիրաբերել հետևյալ ընկերությունները: Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան, «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, «Էյչ բի Էմ գրուպ»:

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն կառուցապատող ընկերություն է: «Եվ մենք փորձելու ենք ստանալ այս կազմակերպությանը տված շինթույլտվությունը, փորձելու ենք հասկանալ, թե երբ են այս մեքենաները նվիրվել: Իմ պնդումը հետևյալն է՝ քաղաքապետարանին նվիրել են այս Կամազները՝ շինթույլտվության դիմաց»,- ասաց Խաժակյանը: Ավելի վաղ քաղաքապետ Հայկ Մարությանը հերքել էր, որ գործարար Սամվել Ալելքսանյանը Կամազներ է նվիրել Երևանին: Սակայն քաղաքապետարանի այսօրվա հրապարակումից պարզ է դառնում, որ Ալեքսանյանին պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն երեք Կամազ է նվիրել Երևանին:

«Հանրությունը ամիսներ շարունակ չի իմացել այս երևույթի մասին: Այս նվիրատվությունները թաքցվել են հասարակությունից: Բուն խնդիրը ոչ թե այն է, որ համայնքն ստացել է նվերներ, այլ այն է, որ դրանք թաքցվել են քաղաքապետարանի կողմից: Եվ դրանք ոչ թե անհատույց նվերներ են, այլ կոնկրետ բանի դիմաց: Եվ ես կրկին բարձրաձայնում եմ՝ այս ցանկը մենք համադրելու ենք ստացված շինթույլտվությունների հետ և հասկանանք՝ բոլոր այս կազմակերպությունները, ովքեր, այսպես կոչված, նվիրատվություն են արել, դա նվիրատվություն է, թե բարտեր»,- ասաց Խաժակյանը:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page