Վերջապես Գագիկ Ծառուկյանից առաջ անցան
- irakan lurer
- Feb 10, 2020
- 1 min read

«ԱԺ մոնիթորինգ» ծրագիրն այսօր ներկայացրեց 7-րդ գումարման ԱԺ-ի երրորդ նստաշրջանի աշխատանքների ամփոփումը: Ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանի ներկայացրած դիտարկումների համաձայն՝ 7-րդ գումարման ԱԺ-ի երրորդ նստաշրջանի աշխատանքներից ամենաշատը բացակայել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ ունենալով 132 բացակայություն: Այսպիսով, բացակայությունների թվով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը զիջել է առաջատարի դիրքերը:
«Նախկինում ունեինք գործարար համբավ ունեցող, մականունավոր պատգամավորների մի հատված և ավանդաբար բացակայողների տասնյակը ղեկավարում էին հենց նրանք: Այս գումարման խորհրդարանում բացակայողները շատ գործուղումների գնացող պատգամավորներն են: Եվ բացակաների տասնյակն ամբողջությամբ կազմված է արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից: Ամենաշատը բացակայել է «Իմ քայլից» Արուսյակ Ջուլհակյանը: Հաջորդում են ամբողջ հանձնաժողովի անդմաները: Նկատի ունեցեք, որ ամենաշատ բացակայածների մեջ ամենաշատ գործուղումների գնացած պատգամավորներն են: Մենք նախորդ զեկույցում ենք արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանը, որը 8 տարի շարունակ ամենաշատը բացակայած պատգամավորների ցանկում էր, լքել է առաջին հորիզոնականը և զբաղեցնում է 8-րդ տեղը»,- ասաց Լուսինե Վասիլյանը:
Այս խորհրդարանը չխոսող պատգամավորների խնդիր ավելի քիչ ունի, նշեց Վասիլյանը: 132 պատգամավորներից 20-ն ընդհանրապես չեն մասնակցել քննարկումներին: Նախկինում ավելի շատ էր չխոսող պատգամավորների թիվը:
Պատգամավորներից ամենաշատ «կողմ» քվեարկածը ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանն է, ամենաշատ դեմ քվեարկածը՝ «Իմ քայլից» Հայկ Սարգսյանը, ամենաշատը ձեռնպահ է քվեարկել «Իմ քայլից» պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ամենաշատ հարց տվել ու ելույթ է ունեցել ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:
Վասիլյանն ասաց, որ երրորդ նստաշրջանում խորհրդարանի օրինաստեղծ արտադրողականությունն ավելացել է: Խորհրդարանը 18 տոկոսով ավելի օրենք է հասցրել ընդունել, քան երկրորդ նստաշրջանի ընթացքում: «Մեր տասնամյա դիտարկումների ընթացքում արձանագրվել է առաջին բացառիկ ցուցանիշը՝ հօգուտ խորհրդարանի: Այսինքն՝ ամբողջ օրենքների 30 տոկոսը հեղինակել են պատգամավորները, 70 տոկոսը՝ կառավարությունը: Նման հարաբերակցություն մենք չէինք արձանագրել նախկինում: Ընդհակառակը, ունեցել ենք նստաշրջաններ, երբ խորհրդարանի մասնաբաժինն այս ամբողջում եղել է ընդամենը 5 տոկոսը»,- ասաց Վասիլյանը:
Comments