top of page
Search

Ոչ ոք իրավունք չունի կառավարության հետ պարտադրանքի լեզվով խոսել. Տավուշի մարզպետ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 23, 2019
  • 2 min read

Մի քանի օր առաջ տեղի է ունեցել Իջևան բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվա մրցույթը։ Սրա արդյունքները կրկին բողոքարկվել են։ Հիշեցնենք, որ առաջին մրցույթի արդյունքները նույնպես բողոքարկվել էին։ Երկու դեպքում էլ բողոք է ներկայացրել նույն թեկնածուն՝ Վազգեն Մարգարյանը, որը հիմա ղեկավարում է բժշկական կենտրոնը։

Երկու դեպքում էլ նա պնդել է, որ մրցույթն անցել է ոչ հավասար պայմաններում։ Վերջին մրցույթում Վազգեն Մարգարյանը “կտրվել է” բանավոր քննությունից։ Հիմա նրա բողոքն ուսումնասիրում է համապատասխան հանձնաժողովը։ Իսկ այս ամբողջ ընթացքում Իջևանի բժշկական կենտրոնի մասնագետները լարված սպասում են՝ ինչո՞վ է ավարտվելու այս ամենը, ե՞րբ են հանդարտվելու կրքերը։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ սահմանված ընթացակարգի տրամաբանության մեջ է։ Մոտակա օրերին մարզպետը պետք է բժշկական կենտրոնի տնօրեն կնշանակի հաղթած երկու թեկնածուներից մեկնումեկին։ Էդուարդ Գրիգորյանը և Արսեն Մկրտչյանը բավարար միավորներ են ստացել։ Ամեն ինչ պարզ կդառնա բողոքարկման հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո։

-Պարոն Չոբանյան, կենտրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի արդյունքներն երկրորդ անգամ են բողոքարկվել։ Արդյո՞ք օրենքը հնարավորություն է տալիս շարունակաբար բողոքարկել մրցույթի արդյունքները։

-Այո, մրցույթի արդյունքները բողոքարկվել են, և դա օրենքի շրջանակներում է։

-Ո՞ր ժամկետում եք նշանակելու Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն։ Եվ արդեն կողմնորոշվե՞լ եք, թե ում եք նշանակելու այդ պաշտոնում։

-Մրցույթային և բողոքարկման հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա հաղթած թեկնածուներից կընտրվի բժշկական կենտրոնի տնօրեն։ Դա կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Իմ որոշումը պետք է քննարկեմ նաև ՀՀ առողջապահության նախարարի հետ։

-Առաջին մրցույթից հետո Վազգեն Մարգարյանը Ձեր հասցեին մեղադրանքներ հնչեցրեց։ Երբ որոշում կայացվեց կրկնակի մրցույթ անցկացնելու վերաբերյալ, Տավուշում ոչ բոլորը դա ընկալեցին։ Շատերը սոցիալական հարթակներում դժգոհեցին, թե՝ ի՞նչ իմաստ ունի երկրորդ մրցույթն անցկացնել։ Ոմանք միգուցե սպասում էին, որ վիրավորանքին վիրավորանքով կամ կոշը քայլերով պետք է հակադարձեք։ Դուք նախընտրեցիք թեկնածուներին ևս մեկ հնարավորություն տալ։ Ինչու՞։

-Այս թեմայով առիթ եմ ունեցել ներկայացնելու իմ կարծիքն առ այն, որ պարոն Մարգարյանը ներողություն է խնդրել մամուլում շրջանառված հերյուրանքների համար, և ես, որպեսզի բացառեմ հետագա մեկնաբանությունները, կրկնակի մրցույթի հայտարարման որոշում եմ կայացրել, որն արդեն ավարտվել է, և միայն օրենքով սահմանված ընթացակարգերի ապահովման արդյունքում կկայացվի որոշում։ Ինչ վերաբերում է հանրային կարծիքին, կարծում եմ հասարակությունը շատ լավ պատկերացում ունի իմ քայլերի տրամաբանության և իմ տեսակի վերաբերյալ։ Գիտեմ նաև, որ շատերը կարող են դա թուլություն համարել։ Սակայն մենք պետք է փոխենք մեր մոտեցումը մարզպետի և, ընդհանրապես, պետական պաշտոնյայի կերպարի վերաբերյալ՝ որպես հարցեր լուծողի, պաշտոններ նշանակողի, պատժողի և այլն։

Ես կառավարության քաղաքականությունն եմ իրացնում Տավուշում՝ ապահովելով օրենքի անվերապահ գերակայություն, արդարություն և զարգացում։ Սա գուցե նոր տեսակի, ոչ այնքան ծանոթ վարքագիծ է, բայց հաստատ ավելի ճիշտ և համահունչ՝ նոր Հայաստանին և նրա զարգացմանը, եթե կուզեք իմանալ՝ հայի և տավուշցու տեսակին։

-Խոսում են, որ կարող են լինել ճնշումներ, ինչպես եք պատրաստվում դրանց պատասխանել։

-Ոչ ոք իրավունք չունի կառավարության հետ պարտադրանքի լեզվով խոսել, ոչ Հայաստանի ներսում, ոչ դրսում։ Օրենքի գերակայությունը Հայաստանի Հանրապետությունում այլևս անբեկանելի իրականություն է, ես էլ դրա երաշխավորներից մեկն եմ։ Ամիսներ առաջ սա ապացուցել ենք։ Օրինակ անտառագողերն ստիպում էին թեկուզ մի քանի օրով բացել ճանապարհը, որպեսզի գողոնը կարողանան վաճառել։ Ես երբեք չեմ գնալու պոպուլիստական և հեշտ ճանապարհով, միշտ գնալու եմ ճիշտ և դժվար ճանապարհով։ Նախկին բարքերը, որդի նման, չեն թողում, որպեսզի մեր միտքն ու վարքագիծը մաքրվի։ Ժամանակ է պետք, և մենք միասին, համատեղ պայքարով անցնելու ենք այդ ճանապարհը։

 
 
 

Comentarios


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page