Նորություն նոր կառուցվող շենքերում բնակարան գնել ցանկացողների համար
- irakan lurer
- Dec 26, 2019
- 1 min read

Երևանի քաղաքապետարանի կայքում բաժին կբացվի, որտեղ ներկայացված կլինեն քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությունների վերաբերյալ տեղեկությունները: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում տեղեկացրեց փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը: Դրա շնորհիվ քաղաքացիները կարող են հստակ տեսնել, թե տվյալ շինթույլտվությունը եղել է, թե՞ ոչ: Սա արվում է հատկապես այն նպատակով, որ բազմաբնակարան նորակառույց շենքերում բնակարաններ ձեռք բերող քաղաքացիները խնդիրների առաջ չկանգնեն:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ մարդիկ անգամ հող ձեռք չբերած՝ բնակարանների վաճառքի հայտարարություն են տալիս:
«Սա հետաքրքիր թեմա է բոլորի համար, ովքեր Երևանում ուզում են անշարժ գույք ձեռք բերել: Այո, շատ հաճախ հանդիպում են դեպքեր, որը գովազդը կա, վաճառքը կա, թեկուզ նախնական վաճառք, բայց իրականում շինթույլտվությունը չկա: Եվ պարզ էլ չէ՝ ինչ է լինելու: Ես անգամ հանդիպել եմ դեպքերի, որ հողն էլ դեռ գնված չէ, շինթույլտվություն չկա, բայց իրենք արդեն մի քանի տարի առաջ են գնացել ու շենքում բնակարաններ են վաճառում»,- ասաց Հայկ Մարությանը:
Նյութի աղբյուր. Lragir.am
Comments