«Մեր երկրում նույնիսկ վաճառողը կարող է դառնալ վարչապետ». Ֆինլանդիայի վարչապետ
- irakan lurer
- Dec 16, 2019
- 2 min read

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտնել է, որ հպարտանում է այն փաստով, որ իր երկրում նույնիսկ վաճառողը կարող է դառնալ կառավարության ղեկավար: Այս կերպ նա մեկնաբանել է Էստոնիայի ՆԳ նախարար Մարտ Հելմեի հայտարարությունը, որը Մարինի՝ Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու փաստը մեկնաբանել էր «վաճառողուհին բարձրացել է մինչև վարչապետ» արտահայտությամբ, գրում է ria.ru-ն:
«Ես շատ հպարտ եմ Ֆինլանդիայով։ Այստեղ աղքատ ընտանիքի երեխան կարող է կրթություն ստանալ և կյանքում մեծ հաջողությունների հասնել: Խանութի գանձապահը կարող է վարչապետ դառնալ։ Առանց աշխատավոր ժողովրդի Ֆինլանդիան չի կարող գոյատևել: Ես գնահատում եմ յուրաքանչյուր աշխատակցի, մասնագետի և գործարարի աշխատանքը»,- Twitter-ում գրել է Սաննա Մարինը:
Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև բարեկամական հարաբերությունների պատճառով Էստոնիայի ներքին գործերի նախարարի խոսքերը սկանդալ են առաջացրել երկու երկրներում: Որոշ էստոնացի քաղաքական գործիչներ ընդգծել են, որ Հելմեի խոսքերը վնասում են հարևան երկրի հետ հարաբերություններին:
Ավելի ուշ Հելմեն բացատրել է, որ ինքը չի արտահայտում Էստոնիայի կառավարության կարծիքը:
«Կարծում եմ՝ անհրաժեշտ է հստակեցնել, որ TRE Raadio ռադիոկայանի եթերում կառավարությունը (Ֆինլանդիայի) գնահատելիս ես չեմ արտահայտել կառավարության դիրքորոշումը, այլ արտահայտել եմ իմ անձնական տեսակետը և կուսակցության տեսակետը»,- ասել է Հելմեն:
Ֆիննական մամուլը նշում է, որ Հելմեի Պահպանողական ազգային կուսակցությունը հայտնի է իր պոպուլիստական տեսակետներով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էստոնիայի ներքին գործերի նախարար, Պահպանողական ազգային կուսակցության նախագահ Մարտ Հելմեն TRE Raadio ռադիոկայանի եթերում մեկնաբանել է Սաննա Մարինի նշանակումը Ֆինլանդիայի կառավարության ղեկավարի պաշտոնում՝ նշելով, որ «վաճառողուհին բարձրացել է մինչև վարչապետի պաշտոնի»:
«Ֆինլանդիայում տեղի ունեցածից պարզապես ապշում եմ: Այդ կապակցությամբ, ես կմեջբերեմ Լենինի խոսքերն այն մասին, որ ցանկացած խոհարար կարող է նախարար դառնալ»,- հայտնել էր նա:
Հելմեի խոսքով՝ Մարինի նշանակումը կարելի է նկարագրել «վաճառողուհին բարձրացել է մինչև վարչապետի պաշտոնի» խոսքերով: Բացի այդ, քաղաքական գործիչը վրդովվել է, որ «փողոցային ակտիվիստներն ու անգրագետ մարդիկ» նույնպես դարձել են ֆիննական կառավարության անդամ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում 34-ամյա Սաննա Մարինի նշանակմանը, որը նախկինում գլխավորում էր երկրի տրանսպորտի և կապի նախարարությունը: Մարինը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գործող վարչապետը։
Opmerkingen