Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան. նրան պատվո պահակախմբով դիմավորել է Վրաստանի վարչապետը
- irakan lurer
- Mar 3, 2020
- 1 min read

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Նրան պատվո պահակախմբով օդանավակայանում դիմավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Պաշտոնական այցով ժամանել եմ Վրաստան։ Դիմավորման արարողությունից հետո վարչապետ Գիորգի Գախարիայի հետ կքննարկենք հայ-վրացական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերը»,-Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետեւ կսկսվի երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Հայկական պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաեւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի եւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին եւ հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաեւ վարչապետի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Comentarios