top of page
Search

Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով հրապարակվեց դատավճիռը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 30, 2020
  • 2 min read

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանը հրապարակեց Ճվճվ Արոյի որդի  Սարգիս Վարդանյանի գործով դատավճիռը:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում էր ճանապարհային  ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Նախորդ դատական նիստում մեղադրողի միջնորդությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244 հոդվածով Սարգիս Վարդանյանի քրեական հետապնդումը դադարեցվել, քրեական գործի մասը կարճվել էր՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

Մեղադրող Ա. Մարգարյանը  միջնորդել էր. Սարգիս Վարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով՝ 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Լ. Հովհաննիսյանը միջնորդել էր մեղմ պատիժ սահմանել, իսկ ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը խնդրել էր արդարացի դատական ակտ կայացնել:

Դատարանը հրապարակեց դատավճիռը: Սարգիս Վարդանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման՝ 1 տարով պակաս՝ դատախազի միջնորդած պատժից: Պատժի սկիզբը՝ Վարդանյանին արգելանքի տակ առնելու պահից՝ 2018 թվականի հունվարի 8-ից: Սարգիս Վարդանյանից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի  537 հազար 800 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Խափանման միջոց կալանավորումը թողնվեց անփոփոխ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը  4 -ն անց  40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

Ճանապարհի այդ հատվածում, ըստ մեղադրանքի, թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը կամովին ներկայացել է քննչական բաժին ու ձերբակալվել է:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

 
 
 

Comentários


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page