top of page
Search

Կառավարությունը դեմ է աշխատող ուսանողների եկամտահարկը վերադարձնելու օրինագծին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 15, 2020
  • 2 min read

Կառավարությունը դեմ է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մշակած օրենքի նախագծին, որով առաջարկվում է հետ վերադարձնել աշխատող ուսանողների եկամտահարկը՝ ուսման վարձը վճարելու նպատակով: Նախագիծն այսօր քննարկվում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Ըստ հեղինակների՝ նախագիծը վերաբերում է միայն մագիստրատուրայում և օրդինատուրայում սովորող ուսանողներին:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց կառավարության եզրակացությունը: Նա ասաց, որ առաջարկվող համակարգը շատ նման է հիպոթեքային վարկերի միջոցով բնակարանների ձեռք բերման դեպքում տոկոսները հետ ստանալու համակարգին: Բայց առնվազն մեկ հիմնական տարբերություն կա, դա այն է, որ ի տարբերություն բնակարանաշինության ծրագրի, որի հիմքում դրված է այն թեզը, որ շինարարությունը տնտեսության այն ոլորտներից է, որն ունի մուլտիպլիկատիվ ու բավական ընդգծված ազդեցություն, և դա գեներացնում է նոր հարկային եկամուտներ պետության համար, նույնը հնարավոր չէ ասել կրթության ոլորտի համար:

«Կարճ ժամկետում կրթության ոլորտը չունի այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը: Իհարկե, միջնաժամկետից սկսած կարող է ունենալ այդ էֆեկտը, որովհետև լավ կրթություն ստանալով՝ քաղաքացին կսկսի ավելի արտադրողական աշխատել, ավելի մեծ չափով նոր արժեք ստեղծել: Կրթության ոլորտը ազատված է ԱԱՀ-ից, այսինքն՝ եթե ունենա աճ՝ այս փոփոխությամբ պայմանավորված, առանձնապես նոր հարկային եկամուտներ չի գեներացնելու: Կրթության ոլորտի հարկային ծախսերը միայն ԱԱՀ գծով 2020 թվակիանի բյուջեում կազմում են 26.9 մլրդ դրամ: Այսինքն՝ այդքան գումար միայն ԱԱՀ տեսքով կրթության ոլորտից արդեն իսկ չի հավաքագրվում»,- ասաց նա:

Առաջարկվող փոփոխությունն, ըստ փոխնախարարի, հարկային արտոնություն չէ ըստ էության, այլ ծախսային գործիք է, որովհետև եկամտային հարկը վճարվելու է, հետո վերադարձվելու է:

Реклама 14

Նա նշեց, որ եթե կա պետպատվերի ինստիտուտ, կարիք չկա դնել փոխլրացնող ևս մեկ ինստիտուտ: «Կարծում եմ՝ մենք պետք է խնդիրները ճիշտ տեղորոշենք ու գործի դնենք ճիշտ գործիքներ՝ այդ խնդիրները լուծելու համար: Պետական պատվերի դեպքում, օրինակ, պետությունն իր վրա է վերցնում այն ուսանողի ծախսը, որը լավ է սովորում: Այլ հարց է, թե այդ գնհատականներն ինչպես են ստանում, բայց գոնե քաղաքականությունն այդպիսին է: Այս համակարգի պարագայում այդ տրամաբանությունը դրված չէ, այսինքն՝ ստացվում է մենք բոլորին ենք խրախուսելու»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ կառավարությունը չի վիճարկում, որ նախագծի նպատակը բարի է, բայց չկա նման խնդիր, որ ուսանողները խուսափում են աշխատելուց միայն այն պատճառով, որ իրենց եկամտահարկը չի վերադարձվում: Հատկապես այն պայմաններում, երբ, նրա խոսքով, այս տարվանից եկամտային հարկի բեռն էական նվազեցվել է:

«Հետևաբար, չենք կարող վստահ ասել, որ ուսանողները չեն աշխատում հենց այն պատճառով, որ նրանց աշխատավարձը պետք է հարկվի եկամտային հարկով: Մեր կարծիքով՝ կան չաշխատելու ավելի ուրիշ պատճառներ՝ ազատ ժամանակի, որակավորման բացակայություն, այլ պատճառներ»,- հավելեց ֆինանսների փոխնախարարը:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page