Լեռնանիստը`ձմեռային տուրիզմի կենտրոն. մարտահրավերը Ծաղկաձորին նետված է
- irakan lurer
- Nov 20, 2019
- 2 min read

Տաք երկրներից հոսքը դեպի Հայաստան ձմռանը նույնքան ակտիվ է, որքան ամռանը: Զբոսաշրջիկներն իրենց ձմեռային հեքիաթը կարող են գտնել նաև Հայաստանում։ Ձմռանը Հայաստան այցելող զբոսաշրջիկներին խոստանում են Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի բնակիչները։
Զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներն ասում են ավանդաբար պասիվ համարվող ձմեռային սեզոնին զբոսաշրջության ոլորտում վերջին տարիներին աշխուժություն է նկատվում։
Դեպի Հայաստան ուղևորահոսքում մեծ թիվ են կազմում ռուսաստանցիները։
2019-ի առաջին ինն ամիսներին Հայաստանն ունեցել է շուրջ 1 459 000 ներգնա այցելու, որը 14.4 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով, ցուցանիշը վկայում է զբոսաշրջային ոլորտի դինամիկ զարգացման մասին։ Հայաստանով հետաքրքրվող երկրների սանդղակում Ռուսաստանը դարձյալ առաջատարն է, որին հաջորդում են ԱՄՆ-ից, եվրոպական ու արաբական ծոցի երկրներից ժամանած այցելուները։ Մեր երկրի հանդեպ հետաքրքրության աճ է նկատվում Հեռավոր Արևելքի երկրներում․
«Հետաքրքիր հոսք կա Կորեայից, Ֆիլիպիններից, Ճապոնիայից։ Շուրջ 42 տոկոսով աճել է Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների թիվը»։
Տարվա մյուս եղանակների համեմատ ձմեռը զբոսաշրջային ոլորտում ամենապասիվն է Հայաստանում, բայց նախորդ տարիների համեմատ վերջին շրջանում ակտիվություն է նկատվում հատկապես Ամանորի տոներին` ասում է Մեխակ Ապրեսյանը։ Ձմեռային տուրիզմի ավանդական ուղղությունները շարունակում են մնալ Ծաղկաձորը, Դիլիջանը, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանը, որտեղ զբոսաշրջիկներին գրավում են դահուկային սպորտաձևերը։
«Մենք արդեն հետաքրքիր զարգացումներ ունենք այլ տարածքներում, հատկապես գյուղական համայնքներում, օրինակ Ենոքավանը։ Վերջին տարիներին Մեգերյան կարպետում Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն միջոցառում է կազմակերպում ՝ «Ղափամայի շուրջ», այս տարի նույնպես դա տեղի կունենա։ Գուցե այն դառնա զբոսաշրջության ոլորտի տարեվերջյան միջոցառումը, որը կանցկացվի Զբոսաշրջության կոմիտեի հետ միասին։ Այս միջոցառումը փորձելու ենք դարձնել ավանդական, ինչը զբոսաշրջիկներին Հայաստան կարող է բերել հատկապես Ամանորի տոներին»։
«Դեպի Հայաստան ուղևորահոսքի առումով, ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը պատկերը գրեթե նույնն է»,-ասում է «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննա Կարագուլյանը։ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով պայմանավորված` 2018-ին ուղևորահոսքի անկում է նկատվել, բայց, ընդհանուր առմամբ, տարեցտարի աճի միտում է արձանագրվում։ Ընկերության տնօրենի խոսքով, Պարսից ծոցից ժամանած զբոսաշրջիկները ձմռան ամիսներին ևս Հայաստանում իրենց համար հետաքրքրություններ գտնում են։
Տաք երկրներից հոսքը դեպի Հայաստան, ինչպես պարզեցինք, ձմռանը նույնքան ակտիվ է, որքան ամռանը։ Ձմռան ամիսներին Հայաստանը որքանո՞վ է հետաքրքիր զբոսաշրջիկներին, հարցով դիմում եմ նաև ներգնա տուրիզմով զվաղվող «Հեյ Արմենիա» ընկերության հիմնադիր-տնօրեն Տաթևիկ Սողոմոնյանին։
Միանշանակ հետաքրքիր է, արձագանքից հետո մանրամասնում է․
«Կոնկրետ մեր տվյալներով` ձմռան ամիսներին Հայաստան ավելի շատ այցելում են Ռուսաստանից, ինչու չէ՝ հարևան Վրաստանից, ավելի քիչ՝ եվրոպական երկրներից։ Ունենք մեծ աճ Չինաստանից ։ Ես վստահ եմ՝ մենք հասնելու ենք մի փուլի, երբ արդեն չենք կարողանալու տեղավորել Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին»։
Խոսել ձմեռային տուրիզմի մասին ու չանդրադառնալ Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքին, իհարկե, մեղք կլիներ, որովհետև Լեռնանիստը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն, մարտահրավերը Ծաղկաձորին արդեն նետված է։ 2017-ին այստեղ կառուցվեց 350 մետր երկարությամբ ճոպանուղի։ Եթե ձնե տրամպլիններով /Ski jump park/ ցատկելու համար շատերը հասնում էին Վրաստան, ապա այս տարի կարող են Լեռնանիստ այցելել, որը մայրաքաղաքից ընդամենը 45 կմ հեռավորության վրա է գտնվում։ Ինչո՞ւ զբոսաշրջիկը պետք է ընտրի հենց Լեռնանիստը ձմեռային իր հանգիստն անցկացնելու համար, փոքր-ինչ սադրիչ հարցիս ահա թե ինչպես է արձագանքում Լեռնանիստի համայնքապետ Արտյոմ Հայրապետյանը․
«Տասը հյուրատուն ունենք, էկոլոգիապես մաքուր սնունդ ենք առաջարկում։ Օդը մաքուր է, ունենք հրաշք բնություն ու կենդանական աշխարհ։ Մեր դաշտը ավելի հարմար ու անվտանգ է հատկապես անփորձ մարդկանց սահելու համար։ Ունենք տրամպլիներ, ձմեռային հեծանիվներ․․․»:
Ամեն ինչ ունեն, եղած պակասն էլ լրացնելու են զբոսաշրջիկների թելադրած պահանջարկից ելնելով` հայտնում է համայնքապետը։ Անցյալ տարի զբոսաշրջիկների թիվն այստեղ 3000-ի է հասել, ինչը տեղացիներին խիստ ոգևորել է։
«Ոգևորության շունչը բոլորիս մեջ է մտել, հատկապես երիտասարդների»,- ասում է Լեռնանիստի համայնքապետը։ Համայնքում շուրջ 3100 մարդ է ապրում՝ նրանցից շատ-շատերն արդեն հարազատ համայնքը ձմեռային հեքիաթ դարձնելու երազանքով։
Comments