top of page
Search

Եվրոպայի վճռական որոշումը. Թուրքիան կքանդե՞ն ներսից

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Mar 9, 2020
  • 2 min read

Հունաստանը կոշտ դիմադրություն է ցույց տվել թուրքական շանտաժին: Խոսքը փախստականների հոսքի մասին է, որ Էրդողանն ուղել է դեպի հունական սահման՝ Եվրոպային շանտաժի շրջանակում, ինչով նա փորձում է ստանալ աջակցություն Իդլիբում Ռուսաստանի հետ բախման հարցում:

Առայժմ սակայն եվրոպական աջակցություն կարծես թե ստանում է Հունաստանը: Տեղեկություն կա, որ Ֆրանսիայի արտգործնախարարը խորհրդարանում ունեցած ելույթում նշել է, որ Փարիզն աջակցելու է Հունաստանին շենգենյան սահմանն ամուր պահելու եւ փախստականների հոսք թույլ չտալու համար: Հայտնի է, որ Թուրքիայի հետ սահմանի հսկողությունը խստացրել է նաեւ Բուլղարիան:

Եվրոպան նշում է, որ Թուրքիային ֆինանսական օգնություն է հատկացվել փախստականներին պահելու համար: Թուրքիան հայտնում է, թե ֆինանսավորումը չի իրականացվել ըստ պատշաճի: Անկասկած է, որ Անկարան շանտաժի միջոցով առնվազն ակնկալում է նոր եվրոպական միլիարդների, որոնք սակայն կուղղի ռազմական ծախսերի: Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ դիմել է ԱՄՆ նախագահ Թրամփին Իդլիբի հարցում սպառազինությամբ աջակցելու համար:

Թե ԱՄՆ-ն, թե ՆԱՏՕ-ն չեն շտապում այդ հարցում: Էրդողանը Մոսկվա Պուտինի հետ բանակցելու է մեկնել այդ պայմաններում, երբ Եվրոպան էլ հայտարարում է, որ չի տրվի փախստականների շանտաժին:

Որքա՞ն կդիմադրի Եվրոպան: Դա կախված է իհարկե այն հանգամանքից, թե ԵՄ առաջնորդ երկրներն ու գործիչները որքան խորությամբ կգիտակցեն, որ խնդիրը մարդասիրական չէ, այլ ռազմա-քաղաքական, քաղաքակրթական, եւ հարցը Եվրոպայի անվտանգությունը, արժանապատվությունն ու ճակատագիրն է ընդհանրապես:

Կստիպի՞ Եվրոպան փախստականներին «շրջվել» հետ եւ Հին աշխարհամասում խառնաշփոթ ստեղծելու Էրդողանի պլանը շրջելով այսպես ասած գլխիվայր՝ խառնաշփոթ ստեղծել Թուրքիայում: Կքանդե՞ն փախստականները Թուրքիան ներսից: Օրերս Թուրքիայի նախագահն իր խորհրդականի միջոցով հայտարարել էր, թե Ռուսաստանը կքանդեն ներսից՝ 25 միլիոն մահմեդականի միջոցով:

Ռուսաստանին ուղղված այդ սպառնալիքը մեծ հաշվով անուղղակի սպառնալիք է նաեւ Եվրոպային, որովհետեւ այդ խնդիրը ոչ պակաս սուր է նաեւ Եվրոպայում: Էրդողանն, օրինակ, նման սպառնալիք էր հնչեցրել նաեւ Գերմանիայի հասցեին: Դրանք կանխարգելելու թերեւս ամենահուսալի ճանապարհը կլինի Թուրքիան ներսից քանդելը: Ընդ որում, այդ հարցում Եվրոպայի դաշնակիցը կարող է լինել նաեւ Սիրիան:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որ պատկանում է Ալավիների կրոնական փոքրամասնությանը, Էրդողանի Մոսկվա այցից առաջ հարցազրույց տալով Ռոսիա 24-ին ասել է. «Մեր ժողովուրդները բարեկամա-խնամիական կապեր ունեն, աննորմալ է, որ մեր ժողովուրդները իրար հետ խնդիր ունենան, ուստի անհասկանալի է, թե ինչո՞ւ պիտի թուրք զինվորները գան ու այստեղ զոհվեն, հանուն ինչի՞»:

Ներսից քանդվելու վախն Էրդողանւ համար չափազանց իրական է եւ էքզիստենցիալ, այնքան, որ նա այդ մասին բարձրաձայնել է շաբաթներ առաջ իր մեկ այլ պաշտոնյայի շուրթերով:

Այդ պաշտոնյան հայտարարել էր, որ «1915 թվականի իրադարձությունների հայկական մեկնաբանության» տարածումը կարող է պառակտել Թուրքիան: Այստեղ խնդիրն անշուշտ արդեն ոչ թե փախստականների դաշտում է, այլ արդեն ավելի խորը՝ թուրքական հասարակության ինքնության: Իսկ այդ առումով թուրքական հանրության գրեթե կեսը բավական հետաքրքիր եւ իր համար անսպասելի պատկեր էր բացահայտել, երբ տրվել էր հնարավորություն հատուկ փաստաթղթերի միջոցով պարզել սեփական արմատները:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page