«Ես բոլոր կառավարություններին կոչ եմ անում մոբիլիզացվել և ակտիվացնել իրենց ջանքերը, հենց հիմա»
- irakan lurer
- Mar 12, 2020
- 1 min read

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները: Այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը մարտի 11-ին տարածվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից COVID-19-ի համավարակի (պանդեմիայի) կարգավիճակի հայտարարման առնչությամբ: «Ես բոլոր կառավարություններին կոչ եմ անում մոբիլիզացվել և ակտիվացնել իրենց ջանքերը, հենց հիմա, քանի որ այդ ճգնաժամը վերաբերում է յուրաքանչյուրին, յուրաքանչյուրը պետք է ներդնի իր ավանդը»,- ասել է նա: «Ամենաճշգրիտ գիտական տվյալները վկայում են, որ, եթե երկրները հայտնաբերում են, թեստավորում, բուժում, մեկուսացնում և հսկում են հիվանդության դեպքերը, դրա տարածումը կարելի է դանդաղեցնել»,- նշել է գլխավոր քարտուղարը: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է համավարակ:
Comments