Եկել է ժամանակը, որ Ռումինիան բանաձեւ ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ.պատգամավորներ
- irakan lurer
- Apr 24, 2020
- 2 min read

Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորներ՝ Հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը եւ ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը Ռումինիայի խորհրդարանին ներկայացրել են քաղաքական հայտարարություն:
Հայտարարության մեջ հայազգի պատգամավորները նշել են, որ մեծ ողբերգությունները պատկանում են ոչ միայն նրանց, ովքեր տուժել են դրանցից, այլեւ համայն մարդկությանը: Հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունը մարդկության նման սարսափելի վերքերից մեկն է:
«1915թ. գարնանից սկսած, ընդամենը մի քանի ամսում, բազմահազարամյա քաղաքակրթությունն, որը տեղակայված էր իր պատմական բնօրրանում, ոչնչացվեց: Մինչեւ Առաջին աշխարհամարտի ավարտը պատմական Հայաստանում ապրող երեք միլիոն հայերից սպանվեց մեկուկես միլիոն մարդ, իսկ մնացածներն ապաստան գտան աքսորում կամ փոխեցին իրենց ինքնությունը:
Հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչումը ոչ միայն բարոյական, այլեւ միջազգային հասարակական կարծիքի հստակեցման հարց է: Եթե այդ ճանաչումը կատարվեր Առաջին աշխարհամարտի ավարտին, ապա դրան հաջորդած ողբերգությունները՝ սկսած Օսմանյան կայսրությունում հունական համայնքների դեմ իրականացված կոտորածներից եւ հրեա ժողովրդի Հոլոքոստից մինչեւ հանցագործությունները նախկին Հարավսլավիայում եւ առավել վերջերս՝ ցեղասպանություններն Աֆրիկայում, գուցե, եւ տեղի չունենային»,-նշել են նրանք:
Պատգամավորները հիշեցրել են, որ վերջին տասնամյակների ընթացքում մի շարք երկրների խորհրդարաններ ընդունել են բանաձեւեր, որոնցում Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որակել են որպես ցեղասպանություն: «Եվրամիության այն պետությունների շարքում, որոնց օրենսդիր մարմիններն ընդունել են նման բանաձեւեր, մենք հիշատակում ենք Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Հունաստանը, Սլովակիան, Չեխիան, Լեհաստանը, Բուլղարիան, Բելգիան, Կիպրոսը, Լիտվան եւ Լյուքսեմբուրգը: Նրանց են միացել աշխարհի շատ այլ երկրներ՝ Կանադան, Արգենտինան, Ուրուգվայը, Բոլիվիան, Վենեսուելան, Պարագվայը, Չիլին, Բրազիլիան, Շվեյցարիան, Ռուսաստանը եւ Սուրբ Աթոռը: Հատկանշական է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի քայլը 2019 թ. վերջին, երբ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ, եւ Սենատը միաձայն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր: Դրանց գումարվել են բանաձեւերն ընդունված այնպիսի միջազգային հարթակներում, ինչպիսիք են Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ այլն:
Ռումինիայում, հասարակության կարծիքի մասով, առկա է կարեւոր աջակցություն հայերի դեմ ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին:
Մենք՝ սույն հայտարարությունը ստորագրողներս, կարծում ենք, որ եկել է ժամանակը, որ Ռումինիայի Խորհրդարանն իր հերթին բանաձեւ ընդունի այս ցեղասպանության ճանաչման վերաբերյալ եւ հույս ենք հայտնում, որ մեծ թվով սենատորներ եւ պատգամավորներ կմիանան մեր մոտեցմանը»,-ընդգծել են Վարուժան Ոսկանյանը եւ Վարուժան Փամբուկչյանը:
Comments