Դուք զինվորական բժշկին «ախռանիկներով» քացով ծեծող տեսակ եք․ Սիմոնյանը՝ նախկին իշխանությանը
- irakan lurer
- Feb 5, 2020
- 2 min read

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր առավոտյան նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է փետրվարի 6-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա մանրամասներ չհայտնեց, թե ինչ է քննարկվել, միայն նշեց, որ տեխնիկական փոփոխություններ են կատարվել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի փաթեթում։ Ըստ նրա՝ այսօր ԱԺ-ն խորհրդի նիստ կանցկացվի, որում կհաստատվի օրակարգը։
Դիտարկմանը, թե իշխանությունն անտեսում է ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունները, որում նրանք մտահոգություն էին հայտնել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ իշխանությունը հաշվետու է ժողովրդի առաջ և նրա հետ մի ընտանիքի անդամ է։
«Եթե ՀՀ իշխանությունը նպատակահարմար կգտնի, իրավական առումով ճիշտ կգտնի Վենետիկի հանձնաժողովի կամ որևիցե այլ մարմնի խորհրդակցական կարծիքը հարցնել, մենք դա կանենք, մնացյալ պարագաներում մենք հաշվետու ենք ՀՀ ժողովրդին»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Նրա համոզմամբ՝ քաղաքացիներն իրենց ձայն են տվել նաև նրա համար, որ իշխանությունները Հայաստանում դատական իշխանության առկա ճգնաժամը լուծեն։
«Շատ մոտ ապագայում ՀՀ-ում դատական իշխանության շուրջ ստեղծված իրավիճակը լուծվելու է ամբողջովին, և ՀՀ ժողովուրդը նաև մեր մասնակցությամբ դրա անմիջական մասնակիցն է լինելու»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ դատական իշխանությունը նախկին իշխանության վերջին բաստիոնն է։
«Այն փոքրիկ պարտիզանական խմբերը, որոնք գործում են Հայաստանում և պատկանում են Միքայել Մինասյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թողած բեկորներին։ Նրանք գումարներ են ծախսում և փորձում են ՀՀ վարկանիշը ոչ միայն ներսում, այլև դրսում վարկաբեկել։ Գնում են օտարերկրյա պաշտոնյանների դռների դիմաց նստում են ու բողոքում, թե ինչքան դժբախտ են, որ իշխանությունը կորցրել են։ Եվ բնական է, որ օտարերկրյա որոշ պաշտոնյաներ հանդուրժողականության կոչ են անում, բայց որևէ մեկին չթիրախավորելով»,- նշեց ԱԺ փոխնախագահը։
Ալեն Սիմոնյանն ասում է, որ իշխանությունը ամենամեղմ ճանապարհն է ընտրել ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար, նույնիսկ ըստ նրա՝ իրենց հասցեին մեղադրանքներ են հնչում, որ իրենք շատ փափուկ են։
«Հենց այդ է պատճառը, որ մենք այսօր նման խնդիրներ ունենք»,- նշեց նա։
Կոշտ միջոցներ օգտագործելու հարցում իշխող ուժը քննարկումներ չի ունեցել, որովհետև ըստ Ալեն Սիմոնյանի՝ դրա անհրաժեշտությունը չունեն, հանրության աջակցությունն ունեն։ Ալեն Սիմոնյանը խորհուրդ է տալիս ֆեյսբուքյան տիրույթից դուրս գալ, և նկատել, թե ով է «գազազացնում» ՀՀ ժողովրդին։
«ՀՀ ժողովրդին ջղայնացնում է այն ամենն, ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի նկատմամբ։ Ատելության մթնոլորտ կա այն մարդկանց մեջ, ում որևէ մեկը չի սիրում, և նույնիսկ իր շրջապատում ատելի է։ Իշխանությունը ոչ մեկին չի ատում, մենք ուժեղ ենք, մենք հաղթող ենք, մեր հետ մեր ժողովուրդն է, ու սիրում ենք և որևէ մեկին ատելու նպատակ չունենք։ Դա սերմանում են իրենք, պարզ պատճառով, որպեսզի մեզնից սարքեն այն հրեշը, որն իրենք կան»,- նշեց ԱԺ փոխնախագահը։
Ըստ Սիմոնյանի՝ ժողովուրդը շատ լավ գիտի, թե նախկին իշխանությունները որ տեսակն են։
«Դուք, զինվորական բժշկին ախռանիկներով քացով ծեծող տեսակ եք, դուք, մարդ առևանգող, տարածքներ խլող, ընտրություններ կեղծող, մականունավոր, ախրաննիկներով ման եկող տեսակ եք, մենք այդ տեսակը չենք, իրենց մոտ չի ստացվելու մեզ այդ տեսակը սարքել, թող մոռանան։ Իրենց տեսակը վերացող է»,- եզրափակեց նա։
Comments