top of page
Search

Գյումրիի բազայում տեղադրել են Կարսը գրաված ցարի արձանը. Ինչ է ակնարկում Մոսկվան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Mar 3, 2020
  • 2 min read

Գյումրիի ռուսական 102-րդ բազայի տարածքում տեղադրվել է Նիկոլայ 1 Պավլովիչ ցարի (1796-1855) կիսանդրին: Նիկոլայ 1-ը թագադրվել է 1825 թ, օրինական ժառանգի հրաժարվելու արդյունքում ու բավական կասկածելի պայմաններում: Ընդ որում, նա ցանկություն չի ունեցել ժառանգելու գահը. երկու անգամ նա փորձել է հրաժարվել, սակայն չի ստացվել: Նրա թագադրման օրը տեղի է ունեցել դեկաբրիստների ապստամբությունը, որը ճնշվել է:

Նիկոլայ 1-ին է վերագրվում Ռուսաստանում բյուրոկրատական պետության կառուցումը, որի սկզբունքներով է ապրում Ռուսաստանը նաեւ ներկայում: Նրա օրոք սկսվեց Սիբիրի յուրացումը, որոշակի փոփոխություններ կատարվեցին ճորտատիրական իրավունքում: Ստեղծվեց 3-րդ հանրահայտ գաղտնի ստորաբաժանումը, որը պայքարում էր լիբերալ ներթափանցումների դեմ եւ զբաղվում կոշտ գրաքննությամբ:

Նիկոլայ 1-ի օրոք Ռուսաստանը մի շարք պատերազմներ մղեց Եվրոպայում ու Ասիայում, ուղղափառ քրիստոնյաների պաշտպանության կարգախոսով: Մասնավորապես, Օսմանյան կայսրության դեմ պատերազմների արդյունքում ուղղափառ ժողովուրդները լիովին կամ մասնակի թոթափեցին օսմանյան տիրապետությունը:

Նիկոլայ 1-ի օրոք Ռուսաստանը պատերազմներ վարեց նաեւ Հարավային Կովկասում, Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության դեմ, որի արդյունքում Ռուսաստանին անցան Հայաստանի տարածքները: Ռուսաստանն իր ֆորպոստը դարձրեց Գյումրին, վերանվանելով Ալեքսանդրապոլ, ռուսական բանակը գրավեց Կարսը, Արդահանը, Ախալքալակը եւ հարակից շրջանները:

Պետք է նշել, որ եթե Եվրոպայում ռուսական արշավանքները հանգեցրին սերբերի, ռումինների, հույների անկախությանը, Հարավային Կովկասում հայկական սուբյեկտության վերականգնման մասին նույնիսկ խոսք չկար:

Նիկոլայ 1-ի օրոք Ռուսաստանին հաջողվեց որոշակի ժամանակահատված գերակայություն ապահովել Սեւ ծովում եւ առավելագույն ազդեցության հասնել Կոստանդնուպոլսում:

Այս առումով, տրամաբանական է, որ բազայում տեղադրվել է այս ցարի արձանը: Մյուս կողմից, հայտնի է, որ Պուտինի սիրած ցարը Ալեքսանդր 3-րդ Խաղաղարարն է, որի հուշարձանը բացել է անձամբ ՌԴ նախագահը: Այդ հուշարձանի պատվանդանին փորագրված է Ալեքսանդր 3-ի հայտնի խոսքը՝ Ռուսաստանն այլ դաշնակից չունի, բացի իր բանակից ու նավատորմից: Բացմանը Պուտինը հայտարարել էր, թե Ալեքսանդր 3-ի օրոք Ռուսաստանը 13 տարի ապրել է խաղաղության մեջ, սակայն ոչ զիջումների հաշվին:

Պուտինը օրերս հայտարարեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել ոչ մի երկրի դեմ և պայմաններ է ստեղծում, որ ոչ ոքի մտքով չանցնի իր դեմ պատերազմելու: Սա մի կողմից տեղավորվում է Ալեքսանդր 3-ի կերպարում, մյուս կողմից, սակայն, Պուտինն իր գործունեությամբ ավելի մոտ է հենց Նիկոլային. նախ, նա նույնպես ժամանակին չէր ցանկանում դառնալ ՌԴ նախագահ, իսկ դառնալուց հետո մտադիր է եղել պաշտոնավարել 1 ժամկետ: Պուտինի օրոք ռուսական բյուրոկրատական պետությունն ավելի բյուրեղացավ: Գրաքննությունը, հատուկ ծառայությունների գերակայությունը հասել են գագաթնակետին: Ռուսաստանը 2014-ից ի վեր ագրեսիվ արտաքին քաղաքականություն է վարում, ռազմական գործողություններ վարելով Եվրոպայում, Ասիայում ու Աֆրիկայում:

Ներկայում Ռուսաստանը լարված հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ, Անկարան սպառնում է նույնիսկ պատերազմով: Գյումրիում Նիկոլայ 1-ին կիսանդրին արդյոք ակնարկ է Թուրքիային ռուսական պատմական հավակնությունների մասին, թե «խաղաղարար» Պուտինը հերթական զիջումների կգնա Անկարային: Նիկոլայ 1-ը կյանքի վերջում տանուլ տվեց Ղրիմի պատերազմը անգլո-ֆրանս-օսմանյան դաշինքին եւ վախճանվեց գրիպից:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page