Արթուր Վանեցյանը կանգնած է եղել այս գործի գլխին. Դավիթ Սանասարյան
- irakan lurer
- Mar 11, 2020
- 2 min read

«Ես չեմ ասում, թե զուտ Արթուր Վանեցյանն է գործը սարքել, բայց ես գիտեմ, որ նա կոնկրետ կանգնած է եղել այս գործի գլխին»:
Այս մասին այսօր իր վերաբերյալ գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ նրա մասին առհասարակ չի ուզում խոսել:
Հարցին՝ իր համար անսպասելի՞ են վերջին շրջանում իրավապահ մարմիններում, մասնավորապես՝ ԱԱԾ-ում, այսպես ասած, դավաճանների հայտնաբերումը, որոնք պաշտոնանկ են արվում, եւ որոնց մեղադրանքներ են առաջադրվում, Դավիթ Սանասարյանն ասաց. «Իրավապահ մարմինները այն եզակի պետական կառույցներն են, որոնք շատ քիչ փոփոխությունների են ենթարկվել, կարելի է ասել՝ չեն ենթարկվել, զուտ բովանդակային առումով նույն աշխատակիցներն են, եւ ես չեմ կարծում, թե անակնկալ են այդ գործընթացները»:
Անդրադառնալով քրեական գործի այն տվյալներին, թե ՊՎԾ աշխատակիցները զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, Սանասարյանը նշեց. «Ես պարզելու որեւէ այլ միջոց չունեի, քան նրանց հավաստիացումն էր, ես ասել էլ եմ, որ այն ժամանակվա ԱԱԾ տնօրենին խնդրել եմ, որ մինչ աշխատանքի ընդունելը անձանց մասին տեղեկություն ստանանք ԱԱԾ-ի միջոցով, ինչը մերժվել է, եւ դրանով սահմանափակվել ենք»: Հարցին՝ իրեն հիմա խաբվա՞ծ է զգում, Սանասարյանը պատասխանեց. «Էականը դա չի, այլ այն, որ այն գործունեությունը, որ ծավալել է ՊՎԾ-ն, ծավալել է՝ պետության շահը սպասարկելով, իսկ ինչ վերաբերում է մնացածին, եզրակացություններ կանենք այն ժամանակ, երբ կխոսեն Ադյանն ու Խաչատրյանը»: Սանասարյանը պնդեց, որ ՊՎԾ-ի աշխատանքի արդյունքում դիալեզի գործով, ըստ որոշ հաշվարկների, պետությունը շահել է ավելի քան 250 միլիոն դրամ. «Բայց իմ լիազորությունները կասեցվել են դրա համար, մեղադրանքի հիմքում դա է դրված»:
Ըստ Սանասարյանի՝ իրավական փաստաթղթերում ՊՎԾ աշխատակիցների եւ ՍՊԸ-ների միջեւ եղած փոխկապակցվածությունը չկա, եւ այդ պարագայում ինքը չուներ որեւէ այլ մեխանիզմ դա բացահայտելու. «Ի՞նչ մեխանիզմով ես պիտի իմանայի, որ Սամվել Ադյանը կապ է ունեցել «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ, ես չգիտեմ, եթե որեւէ մեկը կասի, կփորձեմ հետագայում այն օգտակար համարել, բայց ես ասում եմ, որ չկա նման մեխանիզմ, եթե խոսքը նրա մասին է, որ Արսեն Թորոսյանն է ինձ տեղյակ պահել, ես ասել եմ եւ կրկնում եմ՝ հարցրել եմ իմ աշխատակցին, նա ասել է, որ կապ չունի, եւ դա անում են նրա համար, որ մեզ հեռու պահեն այդ ուսումնասիրությունից»: Սանասարյանը նշեց, որ հավատացել է իր աշխատակցին, որովհետեւ ճանաչել է նրան՝ որպես բարեխիղճ աշխատողի, որի խոսքն իր համար այդ առումով եղել է ավելի առաջնահերթ:
Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է եւս 3 անձ՝ ՊՎԾ պաշտոնյաներ Սամվել Ադյանը, Գեւորգ Խաչատրյանը, ինչպես նաեւ «Զորաշեն» ՍՊ ընկերության փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը:
留言