top of page
Search

Ակնհայտ է, որ Արցախը որեւէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Աննա Նաղդալյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 23, 2020
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումներին Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքի վերաբերյալ հարցին:

Այս տարի լրացավ Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցը, որի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումները նյարդային արձագանքների արժանացան Ադրբեջանի իշխանությունների, մասնավորապես՝ ԱԳ նախարարության եւ նախագահի օգնականի կողմից: Ինչպե՞ս կգնահատեք դա:

Նախ կուզենայի ընդգծել, որ Բաքվի հակահայկական ջարդերի 30-ամյակի կապակցությամբ Երեւանում անցկացվեցին հիշատակի մի շարք կարեւոր միջոցառումներ, իսկ միջազգային մամուլում եղան եւ մինչ օրս շարունակվում են բազմաթիվ հրապարակումներ, որոնք անդրադառնում են Բաքվի հայկական համայնքի բարբարոսական ոչնչացմանը:

Ցավոք, այս տարի եւս Ադրբեջանի իշխանությունների շարունակեցին ուղղակի կամ անուղղակի կերպով Բաքվում 30 տարի առաջ իրականացված հակահայկական ջարդերի կազմակերպիչների եւ այդ ջարդերն իրականացնողների գործողությունների արդարացումը: Ավելին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի կողմից անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները հերոսացվեցին` որպես «շահիդներ», իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրեց հայերին Սումգայիթյան եղեռնագործության իրականացման մեջ:

Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ եւ ժխտելով խաղաղ պայմաններում անզեն մարդկանց հրապարակային եւ համակարգված ոչնչացման իր պատասխանատվությունը:

Սա եւս մեկ անգամ աներկբա ընդգծում է, որ որեւէ պարագայում հայ ժողովրդի որեւէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանություններին: Ակնհայտ է, որ Արցախը որեւէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page