ԱԱԾ-ն բացահայտել է Երեւանի նախկին քաղաքապետի կողմից 75.000 դոլար կաշառք ստանալու դեպք
- irakan lurer
- Dec 17, 2019
- 1 min read

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Երեւանի նախկին քաղաքապետներից մեկի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք:
Խոսքը շինթույլտվության համար փոխանցված 75 հազար դոլարի, ինչպես նաեւ շինարարության վերջում նույն շենքում ստացած բնակարանի մասին է:
ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ, ըստ տվյալների, 2009 թ. Երևան համայնքը ղեկավարող պաշտոնատար անձը քաղաքում բազմաբնակարան շենք կառուցապատող կազմակերպության հիմնադիրից նրա օգտին գործողություններ կատարելու, կասեցված շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացնելու, հարկայնությունն ավելացնելու համար իր եղբոր միջնորդությամբ 2009 թ. ընթացքում մաս-մաս, այդ թվում՝ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց միջոցով, ստացել է առանձնապես խոշոր՝ 75.000 ԱՄՆ դոլարի չափի կաշառք:
Իսկ խնդիրներին վերջնական լուծում տալու նպատակով պահանջել է նաև կառուցվող շենքում Երևանի քաղաքապետարանի կարիքների համար հատկացնել 200 մ² մակերեսով բնակարան:
ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը Երեւանի քաղաքապետ է եղել Երվանդ Զախարյանը, իսկ 2009 թվականի մարտի 4-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 8-ը՝ Գագիկ Բեգլարյանը։
Comments